Վերջին տարիներին աշխարհում զգալիորեն աճում է օրգանական, էկո և բիո մակնշմամբ սննդամթերքի պահանջարկը։ Շուկան տարեցտարի ընդլայնվում է, իսկ պետություններն ու կազմակերպությունները ավելացնում են իրենց ջանքերը՝ գյուղատնտեսության մեջ ներդնելու բնապահպանական բարեկեցիկ մեթոդներ։
FPAN «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագիրը ևս ակտիվորեն խրախուսում է օրգանական գյուղատնտեսությունը՝ որպես մաքուր շրջակա միջավայրի, կենսաբազմազանության պահպանման և բնակչության առողջության ապահովման ուղի։
Օրգանական գյուղատնտեսական մեթոդները կանխում են հողերի դեգրադացումը, կլիմայի փոփոխությունը, ջրերի, օդի և հողի աղտոտումը։ Այս մարտահրավերներին դիմագրավելու համար կարևոր է ներգրավել տեղական, ազգային և միջազգային համագործակցություն։
Սպառողը, նախապատվություն տալով «Օրգանական», «Էկո» կամ «Բիո» մակնշում ունեցող արտադրանքին, նպաստում է ոչ միայն սեփական առողջությանը, այլև երկարաժամկետ բնապահպանական արդյունքներին։ Այս ապրանքներն արտադրվում են առանց սինթետիկ քիմիական նյութերի, գենետիկորեն փոփոխված բաղադրիչների, և ենթարկվում են նվազագույն տեխնոլոգիական միջամտությունների։
Սերտիֆիկացված «Օրգանական» արտադրանքը երաշխավորում է, որ արտադրության բոլոր փուլերում պահպանվել են միջազգային կամ ազգային ստանդարտներ, և դրանք վերահսկվել են անկախ մարմնի կողմից։
Օրգանական սննդամթերքի շուկան այսօր առաջարկում է կայուն, էթիկապես արդար և բնությանը համահունչ այլընտրանք՝ սկսած հողից՝ մինչև Ձեր սեղան։