Օրգանական գյուղատնտեսությունը գյուղատնտեսական գործունեության յուրահատուկ տեսակ է, որը ներդաշնակ է ագրոէկոհամակարգերի հետ և իրականացվում է համապատասխան տեխնիկական կանոնակարգերի ու նորմատիվ փաստաթղթերի պահանջներին համապատասխան։
Օրգանական գյուղատնտեսական արտադրանքը ներառում է օրգանական մեթոդներով արտադրված կամ վերամշակված կենդանական և բուսական ծագման մթերքներ և հումք, ինչպես նաև վայրի բույսեր, որոնց արտադրության և շրջանառության բոլոր փուլերում պահպանվում են սահմանված պահանջները։
Օրգանական գյուղատնտեսության համար կարևոր է օգտագործել այն հողերը, որոնք մի քանի տարի ազատ են եղել քիմիական միջոցների կիրառությունից։ Գոմաղբը, կենսահումուսը և թռչնաղբը բարելավում են հողի կառուցվածքը, հարստացնում այն օրգանական նյութերով և բարձրացնում բերրիությունը։
Օրգանական գյուղատնտեսությունը թույլ է տալիս առավելագույնս արդյունավետ օգտագործել բնական ռեսուրսները՝ միաժամանակ պահպանելով շրջակա միջավայրը և կենսաբազմազանությունը։ Օրգանական արտադրանքը հաճախ ունի ավելի բարձր սննդարար արժեք, իսկ դրա պահանջարկը աշխարհում շարունակաբար աճում է։
Ծրագրի մասին
Օրգանական գյուղատնտեսության զարգացման ծրագիրը մեկնարկել է 2015 թվականին NABU-ի և Ակբա բանկի նախաձեռնությամբ։
2026 թվականից, NABU-ի հայաստանյան մասնաճյուղի գործունեության ավարտից հետո, ծրագիրը փոխանցվել է «Հանուն մարդկության և բնության» հայկական ասոցիացիային (FPAN), որը շարունակում է դրա իրականացումը Ակբա բանկի հետ համագործակցությամբ։
Այսօր ծրագիրը ներառում է ավելի քան 100 շահառու ամբողջ Հայաստանի տարածքում։
Ծրագրի հիմնական նպատակները
- Աջակցել օրգանական արտադրողներին Հայաստանում
- Օգնել ավանդական ֆերմերներին անցում կատարել օրգանական գյուղատնտեսության
- Զարգացնել բիզնես կապերը և նպաստել միջազգային շուկաներ մուտքին
- Խթանել օրգանական արտադրանքի ճանաչելիությունն ու սպառումը Հայաստանում
Ծրագրի շրջանակում հայտարարված մրցույթի հաղթող կազմակերպությունները, ֆերմերներն ու գյուղատնտեսները հնարավորություն են ստանում համաֆինանսավորմամբ անցնել օրգանական սերտիֆիկացում և զգալիորեն ընդլայնել իրենց արտադրանքի արտահանման հնարավորությունները։
ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներ
Նախագիծը համապատասխանում է ՄԱԿ-ի Կայուն զարգացման 17 նպատակներից 4-ին՝
- Զրոյական սով (SDG 2: Zero Hunger)
- Պատասխանատու սպառում և արտադրություն (SDG 12: Responsible Consumption and Production)
- Կյանք ցամաքում (SDG 15: Life on Land)
- Գործընկերություն հանուն նպատակների (SDG 17: Partnerships for the Goals)
Կապ
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք կապ հաստատել ծրագրի համակարգողի հետ՝
Նարեկ Գրիգորյան
Հեռ․ +374 93 420062
Էլ․ փոստ․ narek.grigoryan@fpan.am